Թուրքիայում գիշերը ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Ազգային մեծ ժողովի փոխխոսնակ Փերվին Բուլդանը և խմբակցության պատգամավորներ, կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: France-Presse-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի դատարանը վճռում է նրանց նկատմամբ կալանք սահմանելու հարցը: Թուրքիայում արգելափակել են Twitter միկրոբլոգն ու WhatsApp մեսենջերը: «Այսօր որոշում է կայացվել ձերբակալել ժողովրդադեմոկրատական քրդական կուսակցության 15 պատգամավորի։ Թուրքիայում բոլորը հավասար են օրենքի առաջ: Միջոցները, որոնք ձեռնարկվում են սովորական քաղաքացիների նկատմամբ, կիրառվում են նաև պատգամավորների հանդեպ։ Անհանգստանալու կարիք չկա։ Մայիսին խորհրդարանում քննարկումից հետո պատգամավորներն այլևս անձեռնմխելի չեն»,- ասել է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Անկարայում լրագրողների հետ հանդիպմանը։
Վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալված ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամների դեմ ոստիկանական գործողությունն օրինական է՝ գրում է թուրքական timeturk կայքը: «Թուրքիայի խորհրդարանի 154 պատգամավորի վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում է կայացվել, 55-ը ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամներ են: Իրավական գործընթացը դեռևս շարունակվում է, դատախազներն ավելի վաղ հարցաքննության են հրավիրել բոլոր 154 պատգամավորներին, չեն ներկայացել միայն Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները: Նրանցից միայն մեկն է ներկայացել դատախազություն: Ոստիկանության հատուկ ջոկատներն օրենքի սահմաններում բերման են ենթարկում կուսակցության անդամներին, որոնք չեն ուզում ճանաչել այս երկրում օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Յիլդիրիմը:
Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ում ձերբակալել են այսօր Դիարբեքիրում գտնվող իր տանը, դատախազությունում հրաժարվել է պատասխանել դատախազի հարցերին:
«Ինձ ընտրել է ժողովուրդը, հետևաբար՝ միայն ժողովուրդը կարող է ինձնից հարցերի պատասխաններ պահանջել»,- հայտարարել է նա:
Ինչո՞ւ է մոլեգնում Էրդողանը: Խորհրդարանում նրան պակասում է 15 մանդատ՝ առանց համաժողովրդական հանրաքվեի Սահմանադրությունը փոխելու համար: Նորից արտահերթ ընտրություններին չի ձգի երկրի տնտեսությունը, ընտրության ընթացքն էլ կարող է անակնկալներ մատուցել: Էրդողանին պետք է «կոտրել» խորհրդարանը: Եթե նկատեցիք՝ ձերբակալվածների տարբեր թվեր են նշվում, և ժողովրդադեմոկրատական կուսակցության ոչ բոլոր պատգամավորներն են ձերբակալվել: Միայն նրանց, որոնցից Էրդողանը իր ցանկացածին չի հասնի:
Արտաքին աշխարհի արձագանքը Էրդողանին առանձնապես չի հուզում՝ նա արդեն հայտարարել է, որ Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները և Անկարան կարող է միակողմանի դուրս գալ փախստականների համաձայնագրից: ՈՒ նրա կարծիքով՝ դա ազդեցիկ շանտաժ է, որ Արևմուտքն այլևս չհիշի մարդու իրավունքների մասին Թուրքիայում ու խնդիրներ չհարուցի:
Գերմանիայի արտգործնախարարություն է հրավիրվել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ բացատրություններ տալու քրդամետ կուսակցության պատգամավորների գիշերային ձերբակալությունների վերաբերյալ:
«Ոչ ոք չի վիճարկում ահաբեկչական սպառնալիքին դիմադրելու և զոհերի հանգեցրած զինված հեղաշրջման փորձը հետաքննելու Թուրքիայի իրավունքը, սակայն դա չպետք է արդարացում լինի ընդդիմությանը լռել ստիպելու համար»,- ասված է Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում: Ակներևաբար՝ Թուրքիան հերթական անգամ կոչ կանի չխառնվել իր ներքին գործերին, ինչպես արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն էր դատապարտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քննադատությունները՝ որակելով միջամտություն երկրի ներքին գործերին։ Անգելա Մերկելը մտահոգություն էր հայտնել «Ջումհուրիեթի» աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ և հայտարարել, որ մամուլի ազատության հարցն առանցքային դեր է ունենալու ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների ժամանակ։ «Կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, այդ թվում` արդարադատության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց պարտականությունն են համարում կարծիք հայտնել Թուրքիայում ընթացող դատական բոլոր գործընթացների վերաբերյալ։ Երևում է՝ նրանք մոռանում են, որ Թուրքիան անկախ, ինքնավար պետություն է, այնպես, ինչպես Գերմանիան։ Նրանք իրավունք չունեն միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Նման իրավունք չունի ոչ մի երկիր»,-ասել էր արդարադատության նախարարը՝ շեշտելով, որ Թուրքիայի դատական համակարգը «անկախ և անկողմնակալ է, Բեռլինում պետք է հասկանան դա»։
Թե որքան է «անկախ ու անկողմնակալ» Թուրքիայի դատական համակարգը, վկայում է Հրանտ Դինքի սպանության գործը: Բացի Գերմանիայից՝ Թուրքիայում ԵՄ երկրների դեսպանները հրատապ հանդիպել են Անկարայում՝ պատգամավորների ձերբակալությամբ երկրում ստեղծված մտահոգիչ դրությունը քննարկելու:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մտահոգություն է հայտնել ձերբակալությունների առնչությամբ: Նա Թվիթերում գրել է, որ «ծայրաստիճան անհանգստացած է» տեղի ունեցածով:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ ահաբեկչության գործի քննության շրջանակում քրդամետ օրենսդիրների ձերբակալությունը որևէ իրավական հիմք չունի և «հստակ քաղաքական գործողություն է»: «Ձերբակալությունների նպատակն է հասնել նրան, ինչը իշխող կուսակցությունը չկարողացավ անել երկու տարի առաջ քվեատուփի մոտ, երբ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ստացավ 5 միլիոնից ավելի քվե», - շեշտել է կուսակցության խոսնակը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թուրքիայի դատախազության տվյալներով՝ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով։
Հիմա ազատության մեջ մնացած պատգամավորներից է կախված՝ իրենց ձերբակալված ընկերներն ազատ կարձակվե՞ն, թե՞ իրենք էլ կձերբակալվեն: Թուրքիայի նախագահը մեծ խաղ է վարում, որտեղ վարչապետից սկսած բոլորը զինվորիկներ են, շարքայինի դեր է վերապահված և ժողովրդին: Իսկ սուլթանի կամքին դեմ չգնալու ամենահամոզիչ փաստարկը երկրում մահապատժի վերականգնումն է:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թուրք պատգամավոր Սըրը Սուրեյա Օնդերի պատմած անկեդոտը մի քանի օր տարածվում էր համացանցով։ Անեկդոտը հայի, քրդի ու թուրքի մասին է՝ հայը, թուրքն ու քուրդը գնում են թուրքի տան բակից սալոր գողանալու։ Տանտերը բռնում է երեքին էլ։ Նա սկզբից դիմում է հային՝ ասելով, թե մյուս երկուսը մուսուլման են, իսկ հայը՝ քրիստոնյա, և ծեծում է հային։ Հաջորդը մոտենում քրդին՝ ասելով. «Դու քուրդ ես, նույնիսկ թուրք չես, ինչպե՞ս ես համարձակվել գողություն անել իմ այգուց»։ Տանտերը քրդին էլ լավ ծեծում է։ Հերթը հասնում է թուրքին։ Տանտերն ասում է նրան. «Լսի, դու թուրք ես, չես ամաչո՞ւմ, որ հայի ու քրդի հետ գալիս ես իմ այգին թալանելու»։ Տանտերը ծեծում է նաև թուրքին։ Ծեծված հայը, թուրքն ու քուրդը այգուց հեռանալուց հետո զարմանում են, որ իրենք երեքով էին, սակայն տանտերը միայնակ երեքին էլ ծեծեց։ «Սկզբում պետք է չթողնեինք, որ հային ծեծեր»,- ասում է քուրդը։ Գուցե սա անեկդոտ չէ, այլ՝ ուղերձ քրդերին: